Տավուշի երիտասարդները 5
Սլավիկ Ալավերդյան
- Ի՞նչ է կամավորությունը
ձեզ համար:
-Կամավորությունը
սեփական ազատ ժամանակը հանրության կարիքներին ծառայեցնելն է:
- Ի՞նչ եք արել Տավուշի մարզի համար ձեր կամավորության շրջանակներում:
-2010թ.-ից սկսած, երբ ուսանող
էի, ներգրավված եմ եղել տարբեր կամավորական ծրագրերում, եթե թվարկեմ, մի քանի տասնյակ
ծրագրեր կստացվեն, այդ իսկ պատճառով կնշեմ ինձ համար ամենակարևորները.
2013թ. մարզի 5 գյուղերի համար իրականացրել ենք գրքահավաք, հավաքել ենք 500-ից
ավելի գրքեր, մեզ աջակցել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, մենք այդ 5 գյուղերի
դպրոցներին նվիրաբերել ենք հարյուրական գիրք:
Բացի այդ՝ մասնակցել եմ Ջինիշյան հիմնադրամի կողմից իրականացված տարբեր միջոցառումների,
օրինակ՝ Լուսահովիտ գյուղի դպրոցի մի դասասենյակի վերանորոգմանը, տարբեր հուշարձանների
մաքրման աշխատանքների, Իջևանի դպրոցների աշակերտների համար մշակութային, սպորտային
միջոցառումների անցկացմանը:
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար տարբեր դասընթացներ, սեմինարներ, գիտաժողովներ և բազմաթիվ
այլ ծրագրեր եմ կազմակերպել:
Որպես ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից՝ 2017-ից մինչ օրս
իմ նախաձեռնությամբ ուսանողների համար կազմակերպել եմ սեմինարներ, բացի իմ հաստիքային
պարտականությունները կատարելուց:
Եվ մի քանի ամիս առաջ ընկերներիս հետ ստեղծեցինք ՀԿ՝ «Ստեղծամիտ երիտասարդների միություն» անվանմամբ,
և արդեն պատրաստվում ենք մի քանի ծրագիր իրականացնել Տավուշի մարզի երիտասարդների համար:
-Կամավորության ի՞նչ ճյուղեր կարող եք նշել, և ո՞րն եք ամենաշատը
նախընտրում:
-Կամավորության տեսակ կարող է
լինել ինչ-որ ծրագրի նախաձեռնումը կամ այլոց ծրագրերին մասնակցությունը, մտավոր կամ
ֆիզիկական կամավորությունը: Ես նախընտրում և կարևորում եմ դրանց համատեղումը, երբ ես
ամբողջովին ներգրավված եմ ծրագրում սկզբից մինչև վերջ: