суббота, 11 августа 2018 г.

Տավուշի երիտասարդները 5 Սլավիկ Ալավերդյան


Տավուշի երիտասարդները 5

Սլավիկ Ալավերդյան

- Ի՞նչ է կամավորությունը ձեզ համար:

-Կամավորությունը սեփական ազատ ժամանակը հանրության կարիքներին ծառայեցնելն է:

- Ի՞նչ եք արել Տավուշի մարզի համար ձեր կամավորության շրջանակներում:

-2010թ.-ից սկսած, երբ ուսանող էի, ներգրավված եմ եղել տարբեր կամավորական ծրագրերում, եթե թվարկեմ, մի քանի տասնյակ ծրագրեր կստացվեն, այդ իսկ պատճառով կնշեմ ինձ համար ամենակարևորները.
2013թ. մարզի 5 գյուղերի համար իրականացրել ենք գրքահավաք, հավաքել ենք     500-ից ավելի գրքեր, մեզ աջակցել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, մենք այդ 5 գյուղերի դպրոցներին նվիրաբերել ենք հարյուրական գիրք:
Բացի այդ՝ մասնակցել եմ Ջինիշյան հիմնադրամի կողմից իրականացված տարբեր միջոցառումների, օրինակ՝ Լուսահովիտ գյուղի դպրոցի մի դասասենյակի վերանորոգմանը, տարբեր հուշարձանների մաքրման աշխատանքների, Իջևանի դպրոցների աշակերտների համար մշակութային, սպորտային միջոցառումների անցկացմանը:
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար տարբեր դասընթացներ, սեմինարներ, գիտաժողովներ և բազմաթիվ այլ ծրագրեր եմ կազմակերպել:
Որպես ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից՝  2017-ից մինչ օրս իմ նախաձեռնությամբ ուսանողների համար կազմակերպել եմ սեմինարներ, բացի իմ հաստիքային պարտականությունները կատարելուց:
Եվ մի քանի ամիս առաջ ընկերներիս հետ ստեղծեցինք ՀԿ՝  «Ստեղծամիտ երիտասարդների միություն» անվանմամբ, և արդեն պատրաստվում ենք մի քանի ծրագիր իրականացնել Տավուշի մարզի երիտասարդների համար:

-Կամավորության ի՞նչ ճյուղեր կարող եք նշել, և ո՞րն եք ամենաշատը նախընտրում:

-Կամավորության տեսակ կարող է լինել  ինչ-որ ծրագրի նախաձեռնումը  կամ այլոց ծրագրերին մասնակցությունը, մտավոր կամ ֆիզիկական կամավորությունը: Ես նախընտրում և կարևորում եմ դրանց համատեղումը, երբ ես ամբողջովին ներգրավված եմ ծրագրում սկզբից մինչև վերջ:


-Կա կամավորության ի՞նչ որ տեսակ, որ պատրաստ չեք անել:

-Դժվար հարց է: Կարծում եմ՝ կլինեն ծրագրեր, որ իմ նախասիրությունների հետ չեն համընկնի կամ իմ սկզբունքներին կհակասեն, և ես չեմ ցանկանա մասնակցել, բայց այլոց մասնակցությունը չեմ կարող խոչընդոտել, միայն կխրախուսեմ:

-Երբևէ չգնահատված զգացել ե՞ք ձեր կամավորական գործունեության ընթացքում:

-Բնականաբար, ավելին ասեմ. նույնիսկ կան վարձատրվող աշխատանքներ, որոնք հասարակության կողմից գնահատված չեն: Մարդիկ իրենց համար սահմանել են կարևոր մասնագիտություններ ու դերակատարումներ, իսկ մնացյալը իրենց համար երկրորդական է: Դա չպիտի խոչընդոտի, որ մարդիկ շարունակեն իրենց գործունեությունը: Մահաթմա Գանդին մի այսպիսի խոսք ունի. «Ինչ էլ անեք կյանքում դա անշան կլինի, բայց շատ կարևոր է, որ դուք դա անեք, որովհետև ուրիշը դա ձեր փոխարեն չի անի»: Այս խոսքն եմ ես միշտ հիշում, և նույնիսկ հիասթափությունների ժամանակ անընդհատ ինձ մոտիվացնում է և մղում նորանոր գործողություների: Իսկ եթե մարդը որևէ բան անում է առանց ակնկալիքի, առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու, այդ դեպքում ինքը ծավալում է իր գործունեությունը հենց իր համար, իր ներքին հանգստության համար. ինքը կարողացավ դա անել և իր խղճի առաջ հանգիստ է:

-Ի՞նչ եք կարծում. եթե բոլոր մարդիկ լինեն կամավորներ, աշխարհը ավելի լա՞վ ապրելու տեղ կլինի:

-Բնականաբար: Եթե նույնիսկ մարդկանց կեսը առանց շահ ակնկալելու ժամանակ տրամադրի իր շրջապատի կամ այլոց մասին մտածելուն, հաստատ շատ խնդիրներ կվերանան: Օրինակներ ունենք, երբ մարդիկ մասնակցում են կամ նախաձեռնում են արշավներ, ֆլեշմոբեր, և որոշ ժամանակ անց շարժումները դառնում են այնքան մասսայական, որ այդ խնդիրները նույնիսկ վերանում են:
Շատ կամավորները աշխարհը ավելի լավ ապրելու տեղ հաստատ կդարձնեն:
 
Հարցազրուցավար՝ Էդիտա Դանիելյան
Իջևան Ինֆոտուն 

Комментариев нет:

Отправить комментарий