пятница, 6 сентября 2019 г.

Վազաշենն առանց հանքի


Վազաշենն առանց հանքի 


 Շատերը գիտեն, որ Վազաշենում գոյություն ունի «Կարմիր քար» կոչվող ժայռը, որի ներսում ոսկու և տարբեր մետաղների անմշակ պաշարներ են հայտնաբերվել, բայց գուցե  ոչ բոլորը գիտեն, որ ոսկի-բազմամետաղային հանքի շահագործումը իրենից վնասակար երևույթների մի ամբողջ «փաթեթ» է ներկայացնում:
Հանքը նախկինում  շահագործվել և տարբեր պատճառներով շահագործումը դադարեցվել է: 
Վերջերս հանքի շահագործման շուրջ կրկին բուռն քննարկումներ ծավալվեցին: Այս անգամ նախկին շահագործումն իրականացրած ընկերությունը ներկայացրել էր նոր «Էյ Յու Գրուպ» սահմանափակ պատասխնատվությամբ ընկերություն անվամբ և վերջինս ըստ «Հետք»-ի կատարած լրագրողական հետաքննության՝ պետականորեն գրանցված է Վազաշենի համայնքապետարանի նախկին շենքում: Ըստ տարաշված լուրերի «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ն Վազաշենի համայնքապետի  հետ համագործակցության արդյունքում որոշում էր կայացրել՝ Վազաշենում ոսկի-բազմամետաղային հանքերևակման աշխատանքները սկսել և վերջինիս գործընթացը «օրինական» դարձնելու համար  «Էյ Յու Գրուպ» ՍՊԸ-ի ներկայացուցչի և Վազաշենի համայնքապետի համաձայնությամբ օր է նշանակվել հանրային լսումներ իրականացնելու համար: 

вторник, 3 сентября 2019 г.

ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԸ


ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԸ
                                                                                          Աշխեն Պետրոսյան
   
Առավոտվա հոգնությունն անտանելի է: Բացում եմ ծանրացած կոպերս և առաջինը հանդիպում առաստաղից կախված ճոճվող ջահին: Արդեն հազար տարի է, որ ամեն առավոտ հանդիպում  ենք իրար: Մենք գիտենք մեկմեկու բնավորության ամենամութ և լուսավոր կողմերը: Ես գիտեմ, թե նրա որ անկյունում է սարդը ոստայն հյուսել, բայց երկար տարիներ մտքովս անգամ չի անցնում մաքրել այն: Նա էլ գիտի իմ մութ անկյուններում հյուսված ոստայնների և նրանց մեջ սատկած ճանճերի մասին, բայց այլևս ոչինչ չի ասում. միայն դողում է դրսում ահագնացող քամու շնչից և վանկարկում իր հին ճռռոցը:
            Երկրորդ առարկան, որին հանդիպում եմ, հեռախոսս է: Վաղուց արդեն ես նրան չեմ կարոտում, պարզապես անհոգաբար թույլ եմ տալիս, որ նա գողանա ինձնից ամենաթանկը: Հետո հետ եմ քաշում անթափանց վարագույրն ու նայում պատուհանից. դա առավոտյան արարողակարգի պարտադիր մասն է, չնայած երբեք էլ եղանակ չի փոխում ո´չ զգեստապահարանում, ո´չ էլ իմ ներսում: Հաջորդը հանդիպում եմ հողաթափերիս. նրանք խելոք սպասում են մահճակալիս մոտ: Եվ վերջապես տարտամորեն գնում նստում եմ ծեր, խորշոմած հայելու առաջ և անթարթ նայում. ոչինչ չի փոխվել: Ինքս ինձ նայելուց հոգնած՝ սկսում եմ հանդիպել իմ սենյակի մյուս բնակիչներին: Հայելուց աջ մի փոշոտ պահարան է դրված՝ վրան օծանելիքի դատարկ սրվակ, հայելուց ձախ՝ նույն պահարանից, բայց դուռը՝ կոտրված: Կից պատի տակ մի սեղան է դրված: Սեղանի շուրջ մի քանի աթոռ կա, բայց միայն մեկի վրա է հնարավոր նստել, մյուսները վաղուց են գործածությունից դուրս եկել: Սեղանի վրա դեղին անթառամների մի փունջ է դրված: Կարևորն այն է, որ ծաղկամանը ջրով լցնելու և ջուրը փոխելու կարիք չի լինի: Սենյակի վերջին պատի վրա մի նեղլիկ դուռ կա, որի հակառակ կողմը երբևէ չեմ տեսել: