суббота, 11 августа 2018 г.

Տավուշի երիտասարդները 4 Մերի Չիբուխչյան


Տավուշի երիտասարդները 4
Մերի Չիբուխչյան

-Ի՞նչ ես մտածում,  երբ լսում ես կամավոր բառը:

-Կամավորությունը ինքնակամ գործ է, որը դու անում ես առաջին հերթին՝ քեզ համար, հետո՝  ուրիշների: Կամավորության միջոցով փորձ ես ստանում և ուրիշների հետ քո փորձն ես կիսում:

-Երբևէ որևէ մեկի կամավորական աշխատանքից օգուտ ունեցե՞լ եք:

-Շատ: Օրինակ՝  ազգագրական պարերը սովորել եմ մարդկանցից, որոնք կամավոր սկզբունքով դասեր էին տալիս, հետո ինքս եմ սկսել դասավանդել:

-Կպատմե՞ք ձեր կամավորական գործունեության մասին:

-Առաջին կամավորական քայլերս արեցի 15 տարեկանում: Ազգային պարերի ուսուցիչ էի Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ռազմահայրենասիրական ակումբում: Հետո, երբ ծանոթացա մեր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին որոշեցի, որ պետք է աշխատեմ սահմանամերձ գյուղերի կիրակնօրյա դպրոցներում (Կոթիում, Ծաղկավանում և Բերքաբերում): Բացի այդ՝ աշխատում եմ Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում` որպես պարուսույց:

-Քո համայնքում ո՞ր ասպարեզում ես կամավորության պակաս զգում:

-Ամեն բնագավառում մենք կամավորության շատ պակաս ունենք: Օրինակ՝ Իջևան քաղաքում բնապահպանական խնդիրներ կան, որոնք կամավորության հիմունքներով կարող են լուծում ստանալ, նույնը կարող եմ ասել անտառապահության վերաբերյալ: Երիտասարդության մեջ այդ խնդիրը շատ նկատելի է: Եթե նրանք մտածեն, որ կամավորության շնորհիվ կարող են արդյունավետ, օգտակար բան անել, գիտակցությունը կամավորության վերաբերյալ ավելի կխորանա: Մարդիկ շատ հաճախ մտածում են, որ եթե կամավոր ես, ուրիշները քեզ պետք է ղեկավարեն, բայց իրականում այդպիսի բան չկա: Կամավորության շնորհիվ ես ձեռք եմ բերել գիտելիք, որ ինձ օգնել է իմ մասնագիտության մեջ:

-Երբևէ չգնահատված զգացե՞լ եք կամավորություն անելու ժամանակ:

-Ո′չ, չեմ զգացել: Ես կամավորություն արել եմ իմ ցանկությամբ և երբեք ոչ մեկից ոչ մի բան չեմ սպասել, այդ պատճառով երբեք այդ խնդիրը չեմ ունեցել:

-Ի՞նչն է փոխվել ձեր կյանքում կամավորություն անելու շնորհիվ, ի՞նչ հատկանիշներ եք զարգացրել ձեր մեջ:

-Սկսել եմ մարդկային արժեքներին ավելի մեծ կարևորություն տալ և ավելի շատ գնահատել: Երբ գնացի սահմանամերձ գյուղեր և տեսա՝ մարդիկ ինչպես են ապրում, երեխաները ինչ են ցանկանում ունենալ, հասկացա, որ ինձ նրանց երազանքների մեծամասնությունը տրվում է իմ առօրյա կյանքի ընթացքում: Ուղղակի սկսեցի գնահատել այն ամենը, ինչ ես ունեմ ավելի շատ: Կյանքը ընկալելուս մոտ ութսուն տոկոսը փոխվել է կամավորական գործունեությունը սկսելուց հետո: Նոր և կարևոր արժեքներ ձեռք բերեցի:

-Կպատմե՞ք ձեր վերջին կամավորական ծրագրի մասին:

-Հաղարծնի շաբաթին արդեն երրորդ տարին է, որ մասնակցում եմ: Կամավոր սկզբունքներով ազգային պարերի դասընթացներ եմ կազմակերպում: Փորձում եմ տարածել հայկական պարերը և ավելի շատ մարդկանց ներգրավել մեր մշակույթի մեջ:

Հարցազրուցավար՝ Էդիտա Դանիելյան
Իջևան Ինֆոտուն 

Комментариев нет:

Отправить комментарий