среда, 8 августа 2018 г.

Տավուշի երիտասարդները 2 Թագուհի Խառատյան

Տավուշի երիտասարդները 2
Թագուհի Խառատյան
Ի՞նչ է նշանակում լինել կամավոր:

Իմ համար կամավորությունը հոբի է, աշխատանք է, որը կապված է իմ նախասիրությունների հետ: Ես այդ աշխատանքը անում եմ առանց ինչ-որ ֆինանսական շահ ակնկալելու: Օգուտը կամ շահը կարող է համարվել հմտություներ ձեռք բերելը, որոնք այլ կերպ հնարավոր չէ ստանալ: Կամավորությունը հնարավորություն  է տալիս փոխել քո համայնքը, քո կյանքը:

Ինչու՞ եք մտածում, որ կամավորությունը կարևոր է:

Կամավորությունը թույլ է տալիս փորձ ձեռք բերել,  որը կարող ես հետագայում օգտագործել աշխատանք գտնելու համար և այլ ծրագրերի մասնակցելու համար: Դու ծանոթանում ես մի շարք մարդկանց հետ ովքեր ունեն նույն գաղափարը ու ունեն իրենց համայնքում և իրենց կյանքում փոփոխություններ կատարելու ցանկություն:

Բացի անձնական  մոտիվներից, կամավորությունը համայնքի համար ինչքանո՞վ  է կարևոր:

Եթե համայնքում կան ակտիվ երիտասարդներ, կամավորներ, նրանք կարող են համայնքը այլ համայնքներից տարբերվող դարձնել: Կամավորները կարող են կրեատիվ, հետաքրքիր փոփոխություններ մտցնել համայնքի կյանքում, որը մեր սովորական առօրյան դարձնում է ավելի տարբերվող, հետաքրքիր և բարեփոխումներով լի:

Ի՞նչ եք արել Տավուշի մարզի համար ձեր կամավորության շրջանակներում:

Ես աշխատում եմ կամավորների հետ և նրանց փորձում եմ տալ  հմտություններ և գիտելիքներ, ուղորդել նրանց, որպեսզի ճիշտ ծրագրեր նախագծեն ու հասնեն իրենց նպատակներին:

Իսկ ինչպե՞ս եք ուղղորդում:

Ծանոթացնում եմ նոր մարդկանց հետ, սեմինարներ եմ կազմակերպում, որոնց շնորհիվ իրենք իրենց ավելի լավ են կարողանում  բացահայտել, հասկանում են, թե ի՞նչ  են ուզում  անել իրենց կյանքում:   

Ավելի մանրամասն կարո՞ղ եք պատմել սեմինարներից մեկի մասին:

Մենք պլանավորում ենք անել միայն աղջիկների համար սեմինար, որտեղ նրանք կարող են սովորել անձնային և առաջնորդական հմտություններ: Սեմինարի հիմնական ուղերձն այն է, որ ոչ միայն տղամարդիկ կարող են բարձր պաշտոն զբաղեցնել, ծրագրերի մասնակցել  այլ կանայք նույնպես  կարող են հասնել բարձունքների: Նրանք ունեն հավասար իրավունքներ և կարող են հասնել իրենց երազանքներին առանց տղամարդկանց օգնության:
Եվս մի օրինակ կլինի այն, որ վերջերս մեր կամավորները հանդիպել են Դիլիջանի քաղաքապետի հետ, տվել իրենց հուզող հարցերը և պատասխաններ ստացել: Ինձ թվում է հանդիպումը կարևոր էր նրանց համար այնքանով, որ նրանք հասկացան, կարող են քաղաքապետի հետ զրուցել ինչպես հավասարը հավասարի և անել առաջարկություններ:

Արդյո՞ք կամավորությունը փոխել է ձեզ որպես մարդ:

Իհարկե: Կամավորությունը ինձ փորձ է տվել: Համալսարանն ավարտելուց հետո ես ցանկանում էի գտնել մասնագիտական աշխատանք, բայց մի քանի ծրագրերի մասնակցելուց հետո հասկացա, որ պետք է ինձ բացահայտեմ տարբեր անկյուններից: Կամավորությունը ինձ թույլ տվեց նոր մարդկանց հետ ծանոթանալ, ձեռք բերել նոր ընկերներ և նոր մասնագիտություն:

Ի՞նչ խորհուրդ կտաք Տավուշի պոտենցիալ կամավորներին:

Խորհուրդ կտամ լինել վստահ և դժվարություններից չվախենալ: Չպետք է շուտ հիասթափվել, հատկապես, երբ հանդիպում ես մարդկանց, ովքեր փոփոխություն չեն ցանկանում տեսնել կամ շրջապատում են քեզ բացասական կարծրատիպերով: 
Որպեսզի կամավորությունը ավելի զարգանա, այն պետք է դպրոցական կրթության մասը կազմի:   

Հարցազրուցավար՝ Էդիտա Դանիելյան
Իջևան Ինֆոտուն 


Комментариев нет:

Отправить комментарий