Տավուշի երիտասարդները 3
Լիանա Քոսակյան
Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել կամավորությամբ:
Արդեն 10 տարի է, ինչ աշխատում եմ որպես կամավոր: Աշխատել
եմ Բերդի hոգևոր հովվի և «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային
կազմակերպության հետ, նաև հանդես եմ եկել իմ
սեփական նախաձեռնություններով, որոնց աջակցել են քաղաքապետարանը և բազմաթիվ երիտասարդներ,
ովքեր միացել են իմ ծրագրերին:
Սկսեցի կամավորությունս, որովհետև հասկանում
էի, որ կան հարցեր, որոնք ես պիտի նախաձեռնեմ և լուծեմ: Բացի
դրանից՝ ես հասկանում էի, որ կամավորությունը ինձ անկրկնելի աշխատանքային փորձ կտա:
Ի՞նչ փոխեց կամավորությունը ձեր կյանքում:
Շատ բան
փոխեց: Ինձ տվեց ծանոթություն
և շրջապատ, ընկերներ, տարբեր մասնագիտություններով մարդկանց հետ շփման հնարավորություններ:
Կամավորություն անելով՝ ես հասկացա, որ ես
չպետք է սպասեմ որևէ մեկին՝ փոփոխություն տեսնելու
համար, կարող ես քայլ անել և ինքդ նախաձեռնել:
Ո՞րն է ձեր ամենաուժեղ կողմը, և ինչպե՞ս է այն ձեզ օգնում կամավորության մեջ:
Իմ ամենաուժեղ
կողմը նախաձեռնելը և մարդկանց իմ հետևից տանել կարողանալն է: Ես կարողանում եմ մարդկանց
ճիշտ ներկայացնել իմ տեսլականը և համախմբել նրանց մի նպատակի շուրջ: Նախաձեռնող լինելը
և չհանձնվելը այն ուժեղ հատկանիշներն են, որ օգնել են ինձ կամավորության մեջ:
Կամավորության ընթացքում երբևէ զգացել եք, որ ձեր աշխատանքը չի գնահատվում:
Սխալ կլինի
ասել, որ այդպիսի դեպքեր չեն լինում կամավորության մեջ: Մարդկային գնահատումն ամենամեծ
վարձատրությունն է այս գործի մեջ: Երբ հասնում
ես քո նպատակին, մարդիկ հաստատ գնահատում են քո աշխատանքը: Կամավորության մեջ պետք
է ուղղակի լինել համբերատար ու հաստատակամ. աշխատանքը անտեսված չի մնա:
Կամավորության հետ կապված ձեր ամենավառ հուշերից կպատմե՞ք:
Կամավոր
սկզբունքով «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության հետ խմբակ էի վարում երեխաների համար, նրանց սովորեցնում
էի սոցիալական ձեռներեցություն, որի շրջանակներում բազմաթիվ ծրագրեր էինք իրականացնում:
Մենք ունեինք փոքրիկ ֆոնդ World Vision-ի կողմից և նաև պետք է գումար հայթայթեինք ծրագիրը
վերջացնելու համար: Այդ գումարով մեր ձեռքերով
Բերդում այգի հիմնեցինք երեխանների համար: Թափոններից պատրաստեցինք ատրակցիոնային խաղեր,
իսկ տրամադրված գումարով նստարաններ տեղադրեցինք: Ցավոք, ամեն ինչ շատ գեղեցիկ էր միայն առաջին երկու օրը: Մնացին միայն նստարանները:
Երեխաների հիասթափությունը մեծ էր, քանի որ նրանք մեծ ջանք էին ներդրել անվադողերից
և թափոններից խաղալիքներ պատրաստելու մեջ: Երբ տեսան, որ դրանք շատ կարճ կյանք ունեցան,
շատ հուսահատվեցին: Բայց ինձ համար դա սպասելի
էր… Ամեն անգամ, երբ անցնում ենք այգու մոտով և տեսնում ենք նստարանները, հպարտանում
ենք և մտածում, որ քաղաքին տվել ենք մի մեծ օգուտ: Կամավորության մեջ կան ժամանակներ, որ պետք է կենտրոնանալ լավ բաների,
հաջողությունների վրա:
Քայլեր ձեռնարկե՞լ
եք՝ նմանատիպ հետևանքներից խուսափելու համար:
Շատ դժվար
է մարդկանց մտածելակերպը փոխելը, բայց մենք անում ենք ամեն ինչ, որ մարդիկ դառնան ավելի
հոգատար իրենց շրջապատող միջավայրի նկատմամբ: Օրինակ՝ Բերդում հուշակոթողներ կան, որոնց
մասին նույնիսկ չգիտեն Բերդի բնակիչները: Մենք ցուցանակներ ենք տեղադրել, որոնք տարածում
են մշակույթի պահպանման կարևորության մասին ուղերձ: Չեմ կարծում, թե միանգամից
մեծ փոփոխություն է լինելու, բայց եթե թեկուզ 10 մարդ ուշադրություն դարձնի ցուցանակին,
դա էլ մի մեծ հաղթանակ կլինի:
Հարցազրուցավար՝ Էդիտա Դանիելյան
Իջևան Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий