суббота, 11 августа 2018 г.

Տավուշի երիտասարդները 4 Մերի Չիբուխչյան


Տավուշի երիտասարդները 4
Մերի Չիբուխչյան

-Ի՞նչ ես մտածում,  երբ լսում ես կամավոր բառը:

-Կամավորությունը ինքնակամ գործ է, որը դու անում ես առաջին հերթին՝ քեզ համար, հետո՝  ուրիշների: Կամավորության միջոցով փորձ ես ստանում և ուրիշների հետ քո փորձն ես կիսում:

-Երբևէ որևէ մեկի կամավորական աշխատանքից օգուտ ունեցե՞լ եք:

-Շատ: Օրինակ՝  ազգագրական պարերը սովորել եմ մարդկանցից, որոնք կամավոր սկզբունքով դասեր էին տալիս, հետո ինքս եմ սկսել դասավանդել:

-Կպատմե՞ք ձեր կամավորական գործունեության մասին:

-Առաջին կամավորական քայլերս արեցի 15 տարեկանում: Ազգային պարերի ուսուցիչ էի Հայաստանի երիտասարդական հիմնադրամում, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ռազմահայրենասիրական ակումբում: Հետո, երբ ծանոթացա մեր Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին որոշեցի, որ պետք է աշխատեմ սահմանամերձ գյուղերի կիրակնօրյա դպրոցներում (Կոթիում, Ծաղկավանում և Բերքաբերում): Բացի այդ՝ աշխատում եմ Արևիկ սոցիալ-կրթական կենտրոնում` որպես պարուսույց:

Տավուշի երիտասարդները 5 Սլավիկ Ալավերդյան


Տավուշի երիտասարդները 5

Սլավիկ Ալավերդյան

- Ի՞նչ է կամավորությունը ձեզ համար:

-Կամավորությունը սեփական ազատ ժամանակը հանրության կարիքներին ծառայեցնելն է:

- Ի՞նչ եք արել Տավուշի մարզի համար ձեր կամավորության շրջանակներում:

-2010թ.-ից սկսած, երբ ուսանող էի, ներգրավված եմ եղել տարբեր կամավորական ծրագրերում, եթե թվարկեմ, մի քանի տասնյակ ծրագրեր կստացվեն, այդ իսկ պատճառով կնշեմ ինձ համար ամենակարևորները.
2013թ. մարզի 5 գյուղերի համար իրականացրել ենք գրքահավաք, հավաքել ենք     500-ից ավելի գրքեր, մեզ աջակցել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, մենք այդ 5 գյուղերի դպրոցներին նվիրաբերել ենք հարյուրական գիրք:
Բացի այդ՝ մասնակցել եմ Ջինիշյան հիմնադրամի կողմից իրականացված տարբեր միջոցառումների, օրինակ՝ Լուսահովիտ գյուղի դպրոցի մի դասասենյակի վերանորոգմանը, տարբեր հուշարձանների մաքրման աշխատանքների, Իջևանի դպրոցների աշակերտների համար մշակութային, սպորտային միջոցառումների անցկացմանը:
ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների համար տարբեր դասընթացներ, սեմինարներ, գիտաժողովներ և բազմաթիվ այլ ծրագրեր եմ կազմակերպել:
Որպես ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից՝  2017-ից մինչ օրս իմ նախաձեռնությամբ ուսանողների համար կազմակերպել եմ սեմինարներ, բացի իմ հաստիքային պարտականությունները կատարելուց:
Եվ մի քանի ամիս առաջ ընկերներիս հետ ստեղծեցինք ՀԿ՝  «Ստեղծամիտ երիտասարդների միություն» անվանմամբ, և արդեն պատրաստվում ենք մի քանի ծրագիր իրականացնել Տավուշի մարզի երիտասարդների համար:

-Կամավորության ի՞նչ ճյուղեր կարող եք նշել, և ո՞րն եք ամենաշատը նախընտրում:

-Կամավորության տեսակ կարող է լինել  ինչ-որ ծրագրի նախաձեռնումը  կամ այլոց ծրագրերին մասնակցությունը, մտավոր կամ ֆիզիկական կամավորությունը: Ես նախընտրում և կարևորում եմ դրանց համատեղումը, երբ ես ամբողջովին ներգրավված եմ ծրագրում սկզբից մինչև վերջ:

четверг, 9 августа 2018 г.

Տավուշի երիտասարդները 3 Լիանա Քոսակյան


Տավուշի երիտասարդները 3
Լիանա Քոսակյան

Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել կամավորությամբ:

Արդեն 10 տարի է, ինչ աշխատում եմ որպես կամավոր: Աշխատել եմ Բերդի hոգևոր հովվի և «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության  հետ, նաև հանդես եմ եկել իմ սեփական նախաձեռնություններով, որոնց աջակցել են քաղաքապետարանը և բազմաթիվ երիտասարդներ, ովքեր միացել են իմ ծրագրերին:
Սկսեցի կամավորությունս, որովհետև հասկանում էի, որ կան հարցեր, որոնք ես պիտի նախաձեռնեմ և լուծեմ: Բացի դրանից՝ ես հասկանում էի, որ կամավորությունը ինձ անկրկնելի աշխատանքային փորձ կտա:

Ի՞նչ փոխեց կամավորությունը ձեր կյանքում:

Շատ բան փոխեց: Ինձ տվեց ծանոթություն և շրջապատ, ընկերներ, տարբեր մասնագիտություններով մարդկանց հետ շփման հնարավորություններ: Կամավորություն անելով՝  ես հասկացա, որ ես չպետք է սպասեմ որևէ մեկին՝  փոփոխություն տեսնելու համար, կարող ես քայլ անել և ինքդ նախաձեռնել:

среда, 8 августа 2018 г.

Տավուշի երիտասարդները 2 Թագուհի Խառատյան

Տավուշի երիտասարդները 2
Թագուհի Խառատյան
Ի՞նչ է նշանակում լինել կամավոր:

Իմ համար կամավորությունը հոբի է, աշխատանք է, որը կապված է իմ նախասիրությունների հետ: Ես այդ աշխատանքը անում եմ առանց ինչ-որ ֆինանսական շահ ակնկալելու: Օգուտը կամ շահը կարող է համարվել հմտություներ ձեռք բերելը, որոնք այլ կերպ հնարավոր չէ ստանալ: Կամավորությունը հնարավորություն  է տալիս փոխել քո համայնքը, քո կյանքը:

Ինչու՞ եք մտածում, որ կամավորությունը կարևոր է:

Կամավորությունը թույլ է տալիս փորձ ձեռք բերել,  որը կարող ես հետագայում օգտագործել աշխատանք գտնելու համար և այլ ծրագրերի մասնակցելու համար: Դու ծանոթանում ես մի շարք մարդկանց հետ ովքեր ունեն նույն գաղափարը ու ունեն իրենց համայնքում և իրենց կյանքում փոփոխություններ կատարելու ցանկություն:

Բացի անձնական  մոտիվներից, կամավորությունը համայնքի համար ինչքանո՞վ  է կարևոր:

Եթե համայնքում կան ակտիվ երիտասարդներ, կամավորներ, նրանք կարող են համայնքը այլ համայնքներից տարբերվող դարձնել: Կամավորները կարող են կրեատիվ, հետաքրքիր փոփոխություններ մտցնել համայնքի կյանքում, որը մեր սովորական առօրյան դարձնում է ավելի տարբերվող, հետաքրքիր և բարեփոխումներով լի:

понедельник, 6 августа 2018 г.

Տավուշի երիտասարդները 1 Դավիթ Խաչատրյան

Տավուշի երիտասարդները 1
Դավիթ Խաչատրյան

Բարև Դավիթ:
- Բարև Ձեզ:
- Շատ շնորհակալ ենք, որ ժամանակ եք գտել հարցազրույցին մասնակցելու համար: Առաջին հարցը կսկսենք նրանից, թե ի՞նչ է նշանակում լինել կամավոր:

Կամավորությունը իրենից ներկայացնում է անշահախնդիր աշխատանք, որին նվիրվում ես լիովին ու սրտիդ թելադրանքով առաջ շարժվում, լսում սրտիդ թելադրանքին: Կամավորությունը այն է, երբ քո կատարած աշխատանքի շնորհիվ մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվում, որը էլ ավելի պարտավորեցնող և ոգեշնչող է:

- Շնորհակալ եմ պատասխանի համար: Երկրորդ հարցը կլինի «Ինչո՞ւ եք մտածում, որ կամավորությունը կարևոր է»:


- Կամավորական աշխատանք կատարելով դու զգում ես, որ հասարակությանը պիտանի մարդ ես: Այն շատ կարևոր է հատկապես գիտելիքներ ստանալու տեսանկյունից, քանի որ մենք, սովորելով դպրոցում կամ համալսարանում, սովորում ենք այն ամենը, ինչ նախատեսված է ուսումնական պլանով, իսկ կամավորական ծրագրերում սովորում ենք այն ամենը, ինչ  չենք կարող սովորել այլ տեղերում: Բացի դրանից ուզում եմ նաև կարևորել  այն փորձը, որ մենք ստանում ենք կամավորության արդյունքում, որը կարող ենք օգտագործել մեր հետագա աշխատանքի մեջ:

четверг, 2 августа 2018 г.

Հայտարարություն «Երիտասարդական հնարավորություններ» կոնֆերանս

Հայտարարություն
 «Երիտասարդական հնարավորություններ»
կոնֆերանս




Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ ս/թ օգոստոսի 12-ին, Իջևան քաղաքում կազմակերպում է «Երիտասարդական հնարավորություններ» խորագիրը կրող կոնֆերանս՝ նվիրված Երիտասարդության միջազգային օրվան: