вторник, 3 сентября 2019 г.

ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԸ


ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԸ
                                                                                          Աշխեն Պետրոսյան
   
Առավոտվա հոգնությունն անտանելի է: Բացում եմ ծանրացած կոպերս և առաջինը հանդիպում առաստաղից կախված ճոճվող ջահին: Արդեն հազար տարի է, որ ամեն առավոտ հանդիպում  ենք իրար: Մենք գիտենք մեկմեկու բնավորության ամենամութ և լուսավոր կողմերը: Ես գիտեմ, թե նրա որ անկյունում է սարդը ոստայն հյուսել, բայց երկար տարիներ մտքովս անգամ չի անցնում մաքրել այն: Նա էլ գիտի իմ մութ անկյուններում հյուսված ոստայնների և նրանց մեջ սատկած ճանճերի մասին, բայց այլևս ոչինչ չի ասում. միայն դողում է դրսում ահագնացող քամու շնչից և վանկարկում իր հին ճռռոցը:
            Երկրորդ առարկան, որին հանդիպում եմ, հեռախոսս է: Վաղուց արդեն ես նրան չեմ կարոտում, պարզապես անհոգաբար թույլ եմ տալիս, որ նա գողանա ինձնից ամենաթանկը: Հետո հետ եմ քաշում անթափանց վարագույրն ու նայում պատուհանից. դա առավոտյան արարողակարգի պարտադիր մասն է, չնայած երբեք էլ եղանակ չի փոխում ո´չ զգեստապահարանում, ո´չ էլ իմ ներսում: Հաջորդը հանդիպում եմ հողաթափերիս. նրանք խելոք սպասում են մահճակալիս մոտ: Եվ վերջապես տարտամորեն գնում նստում եմ ծեր, խորշոմած հայելու առաջ և անթարթ նայում. ոչինչ չի փոխվել: Ինքս ինձ նայելուց հոգնած՝ սկսում եմ հանդիպել իմ սենյակի մյուս բնակիչներին: Հայելուց աջ մի փոշոտ պահարան է դրված՝ վրան օծանելիքի դատարկ սրվակ, հայելուց ձախ՝ նույն պահարանից, բայց դուռը՝ կոտրված: Կից պատի տակ մի սեղան է դրված: Սեղանի շուրջ մի քանի աթոռ կա, բայց միայն մեկի վրա է հնարավոր նստել, մյուսները վաղուց են գործածությունից դուրս եկել: Սեղանի վրա դեղին անթառամների մի փունջ է դրված: Կարևորն այն է, որ ծաղկամանը ջրով լցնելու և ջուրը փոխելու կարիք չի լինի: Սենյակի վերջին պատի վրա մի նեղլիկ դուռ կա, որի հակառակ կողմը երբևէ չեմ տեսել:
            Իմ օրը նման է շրջապտույտի, որի մի օղակը բացակայում է: Երբ առաջին պատի տակ տեղակայված մահճակալից վեր եմ կենում, մոտենում են երկրորդ պատից գամված հայելուն ու պահարաններին, ապա տեղափոխվում եմ երրորդ պատի տակ դրված սեղանի մոտ, հետո բաց եմ թողնում չորրորդ պատը և նորից սկսում իմ շրջապտույտը: Թեև առաջին պատին եմ ապավինել, բայց քնելուց առաջ աչքի պոչով միշտ նայում եմ չորրորդին: Երբեք ոչինչ չի փոխվում, միայն սենյակն է աստիճանաբար նեղանում, դրանից ավելի է արագանում իմ շրջապտույտը և, բնականաբար, ավելի հաճախ եմ հանդիպում չորրորդ պատին ու նեղլիկ դռանը: Մի անգամ փորձեցի ճեղքել չորրորդ պատը, բայց փոշոտ ու լայն պահարանս նեղ դռնով չանցավ, նույնիսկ վնասվեց: Փակեցի դուռը, ամուր մեխեցի ու անցա իմ մի փոքր վնասված առօրյային:
            Երեկոյան քնելուց առաջ անփութորեն հայացքս սահեցրի մարմրող ջահի վրայով և աչքերս փակելով՝ մտովի հանդիպեցի նեղլիկ դռանը. առանց ափսոսանքի հրաժեշտ տվի մահճակալին, պատուհանին, ծեր հայելուն, պահարաններին, օծանելիքի դատարկ սրվակին, սեղանին՝ իր մեկ կանգուն և կոտրած աթոռների հետ, շնչեցի դեղին անթառամների հնաբույր փոշին, փռշտալով մոտեցա չորրորդ պատին, բացեցի մեխած դուռը և հողաթափերս հանելով՝ նեղլիկ դռնով դուրս եկա

1 комментарий: