четверг, 25 апреля 2019 г.

Իջևանի Ծաղկի տոնը




Իջևանի Ծաղկի տոնը



        
Փառատոնների ու տոների տեսակետից Իջևանը հայտնի է հիմնականում Քանդակների սիմպոզիումներով, (1-ինը 1985թ.-ին, իսկ վերջինը 1991թ.-ին) որոնց արդյունքում կերտվել են տարբեր ոճերով ու թեմաներով 113 քարարձան, որոնք տեղադրվել են Իջևանի քաղաքային զբոսայգում, Մանկական զբոսայգում, քաղաքի «դարպասների» մոտ և մի մասն էլ մերձակա Գետահովիտ գյուղում: Սակայն այս անգամ այս սիպմոզիումների մասին չէ, որ ցանկանում ենք պատմել: Այս անգամ կանդրադառնանք Ծաղկի տոնին, որի մասին գուցե շատ քչերն են հիշում:
            
Դեռ  ԽՍՀՄ ժամանակներից Իջևանում մեծ շուքով նշվել է  Ծաղկի տոնը: Տոնը նշվել է մինչև 1990-ականները: Այն նշվել է  գարնանը՝ մայիս ամսին: Ներկայումս Իջևան քաղաքում Ծաղկի տոնը չի նշվում, սակայն հիմնականում նախակրթական հաստատություններում և դպրոցների տարրական դասարաններում իրականացվում են տոնին նման միջոցառումներ, որոնք սահմանափակվում են տվյալ հաստատության պատերի մեջ:
            
          Հայաստանի որոշ քաղաքներում տոնը պահպանվել է. օրինակ՝ Վանաձոր քաղաքում տոնը նշվում է 1960-ից: Երկրաշարժից հետո տոնը չի նշվել մինչև 2000թ-ը, սակայն հետո նորից շարունակվել է նշվել, և չնայած այն փաստին, որ տոնին մասնակցում են մեծամասամբ երեխաները ավանդույթը պահպանվում է և ամեն տարի վանաձորցիները նշում են ծաղկի տոնը: (Ինֆորմացիոն աղբյուրներ.
«Նշվեց «Ծաղկի տոն» ավանդական դարձած համաքաղաքային միջոցառումը» և «Ծաղկի տոն» նյութերը): Տոնը նշվում է նաև այլ ՀՀ քաղաքներումԾաղիկներին նվիրված փառատոններ նշվում են նաև այլ երկրներում՝ Թայլանդում, Հոլանդիայում, Ադրբեջանում և այլն:
            Հիմա նորից վերադառնանք Իջևան և հասկանանք, թե իրականում ինչպե՞ս էր նշվում ծաղկի տոնը մեզ մոտ: Տոնի մասնակիցները նշում են, որ տոնի ժամանակ մարդիկ ծաղիկներով զարդարում էին իրենց տների բակերն ու պատշգամբները: Կազմակերպվում էին մի շարք մրցույթներ, որոնց ժամանակ ընտրվում էին ամենագեղեցիկ տնային ծաղիկը, ծաղկեփունջը, ամենագեղեցիկ զարդարված պատշգամբը կամ բակը: Մարդիկ երգում և պարում էին: Մասնակիցները հիմնականում հագնում էին հայկական տարազներ: Պատահական անցորդներին բաժանվում էին ծաղիկներ: Քաղաքում տեղադրված տաղավարներում, մարդիկ ցուցադրում էին գեղեցիկ ծաղիկներ կամ ուղղակի վաճառում էին ձեռագործ իրեր:
              Քաղաքին նոր շունչ հաղորդելու համար պետք է ստեղծել նմանատիպ տոներ կամ  գոնե վերականգնել հնում եղածները: Այնպիսի փառատոններն, ինչպիսին Ծաղկի տոնն ու Քանդակների սիմպոզիումներն են կարծում եմ յուրահատուկ կոլորիտ են հաղորդել Իջևանին և արժե լրջորեն մտածել դրանք վերականգնելու մասին:

            Ի դեպ, չնայած մեր ջանքերին, մեզ չհաջողվեց լուսանկարներ գտնել Ծաղկի տոնից: Եթե դուք ձեր արխիվներում ունեք կամ գիտեք մարդ ով ունի, խնդրում ենք կապվել Իջևան Ինֆոտան հետ: Եթե նույնիսկ լուսանկար չունեք, սակայն երբևէ մասակցել եք, կամ գիտեք այլ մանրամասներ տոնից, կրկին խնդրում ենք մեզ տեղեկացնել այդ մասին:



Մարիամ Ադամյան

Իջևան Ինֆոտուն


1 комментарий: