понедельник, 5 марта 2018 г.

Թանգարանի բաց դռներն ու իր նվիրյալը


Թանգարանի բաց դռներն ու իր նվիրյալը


Ես սիրում եմ իմ ծննդավայրը: Երբ ուրիշ տեղ եմ լինում, կարոտում եմ մեր հայրենի հողն ու ջուրը: Ամեն անգամ Իջևանից հեռանալիս կամ հետ վերադառնալիս իմ աչքի առջև Իջևանի թանգարանն է: Կարծես էլ ուժ  չունի և մի կերպ է փորձում   կանգուն մնալ: Այս փլվող, սառը պատերից ներս թանգարանի այցելուներին է սպասում ընկ. Թանանյանը՝  թանգարանի ավագ գիտաշխատողն ու իսկական նվիրյալը:
Այսօր գնացել էի հարցազրույց վերցնելու: Նրա հետ զրուցելով այնքա՜ն բան իմացա ինձ համար միշտ մռայլ թվացող, բայց իրականում շատ ջերմ թանգարանի մասին:
-  Ընկեր Թանանյան խնդրում եմ մի փոքր պատմեք թանգարանի և Ձեր մասին:
- 2009թ. էր, որ թանգարանի տնօրեն նշանակվեցի: Առաջին միջնակարգ դպրոցում ուսուցիչ էի, հետո եկել եմ այստեղ, իմ միջոցներով վերանորոգումներ եմ արել՝ լույս, ջուր եմ քաշել, որ հարմարություններ ստեղծեմ աշխատողների համար: Երկար ժամանակ չի գործել թանգարանը, ես էլ որ թանգարաններ արդեն ստեղծել էի դպրոցում և ունակ էի, ձեռքիցս գալիս էր, որոշեցի էս թանգարանին էլ հայրենագիտական ու հայրենասիրական ուղղություն տամ: Իջևանի պատմաերկրագիտական
թանգարանը եղել է Սարդարապատի թանգարանի մասնաճյուղ:   1985թ.-ին 9,600 ցուցանմուշ տարվել է այնտեղ:
Հեղափոխության շրջանից եղել է 83 ցուցանմուշ: Էս ժամացույցը, աթոռները, յուղաներկով նկարները Սովետական Հայաստանի կուսակցական և պետական գործիչ, հրապարակախոս Սարգիս Կասյանինն են:
1997 թվականին քաղաքապետ Արմեն Ղուլարյանի և այդ ժամանակվա ավագանու որոշմամբ փորձեցին վերականգնել նախկին թանգարանը և ցուցանմուշներ, առարկաներ հայթհայթել, բայց դժբախտաբար չստացվեց: Հետո շատ եմ փորձել մի բան գլխի բերել:
Լուսամուտների ճաղաշարքն էլ եմ ես գցել: 
Բաներ կար տանում էինք տուն, որ չգողանան:
-  Իսկ վերջին անգամ ե՞րբ է թանգարանը վերանորոգվել:
- Թանգարանը կարելի է ասել 2002 թվականից այս կողմ չի վերանորոգվել, դե իմ վերանորոգածը չեմ ասում: Դավթյան Աշոտն է վերանորոգել ու մինչև այսօր էլ վերանորոգման խիստ կարիք ունի:


Երբ ընկ. Թանանյանին խնդրեցի ինձ ցույց տալ թանգարանի բաժինները, չեք պատկերացնի ինչ եռանդով էր ցուցադրում ու պատմում ամեն մի առարկայի պատմությունը:
- Թանգարանն ունի 2  բաժին՝  մեկ մեծ և մեկ փոքր: Մեծ սրահում տեղեկատվական, բնության, հնագիտության, Տավուշի մարզին հատուկ գորգագործության, կարպետագործության, կտավագործության և ազգագրության ցուցանմուշներն են ներկայացված: 
Երկրորդ՝ փոքր բաժնում, առանձին-առանձին ստենդներ կամ բաժիններ են՝ Սևքարեցի Սաքոյի, Հայաստանում Սովետական կարգերի հաստատման,  և Արցախյան պատերազմի հերոսամարտիկներ մասին: Մի բաժին էլ նվիրված է սպորտին:
Ունենք նաև բաժին՝ նվիրված Իջևանի նշանավոր մարդկանց:

Թանանյանը  նշանավոր տավուշցիների մասին գիրք էլ է գրել,
սակայն իրեն գրող չի համարում:
Ասում է.
-  - Չ՛է, ես գրող չեմ, ուղղակի հավաքել եմ՝ համակարգչից, հանրագիտարաններից, մարդկանցից լսել ու տեղեկատվական գիրք կազմել, որ եկող սերունդները ճանաչեն մեր նշանավոր մարդկանց:

Թանանյանը շատ է ափսոսում, որ թանգարանի պայմանները չեն համապատասխանում ժամանակակից չափանիշներին:
- Օրինակ, մեզ մի սափոր  ունենք, որից Դիլիջանի թանգարանում էլ կա: Առաջին դարի սափոր է: Մեզ մոտ գետնին մի տեղ դրված է, այն ինչ էնտեղ պատվանդանի վրա է դրված, տակն էլ գրված որտեղից է, որ դարի է: Ուզում եմ ասել, մեր մոտ պայմաններ չկան:
Այն բնակավայրը, որտեղ մշակույթը անտեսված է, այդ բնակավայրում անհնարին է դառնում նաև տուրիզմի զարգացումը: Հիմա գովազդն է իշխում: Գովազդեցիր, ցուցադրեցիր նոր մի բանի կհասնես: Աբխազիա մի թանգարան կար՝ 4 ցուցանմուշ ուներ, բայց մարդիկ փող էին տալիս, որ մտնեն տեսնեն: Թութան Համոնի թանգարանում միայն իր 300 կիլոգրամանոց դագաղն է ցուցադրված, որը տեսնելու համար մարդիկ ժամերով հերթ են կանգնում: Նմուշների թիվը կարևոր չէ: Պետք է ճիշտ ցուցադրես ու նմուշների պատմությունը լավ իմանաս: Ուզում եմ ասել, ինչքան հնարավոր էր, ստեղծել ենք: Կար ժամանակ, որ աշակերտները հերթ էին կանգնում թանգարանի առաջ: Մի խումբը թողած անցնում էի մյուսին, որ բոլորին էլ հասցնեմ բացատրել: Իսկ հիմա, որ այցելուների գիրքը նայես, մեկ գրված է 16.01.17թ., մեկ էլ այսօր՝ 23.01.18 թ. :
Ի դեպ, երբ գնացել էի հարցազրույցի, ընկ. Թանանյանը հյուրեր ուներ, գրողներ Ռիտա Առաքելյանն ու նրա զարմիկ Նարեկ Պապոնց Առաքելյանը: Հետաքրքիր էր կողքից հետևել մշակույթից հասկացող մարդկանց զրույցին: Նրանք իրենց գրած գրքերով էին փոխանակվում, բանաստեղծություններ կարդում ու երգում: Իջևանի պատմաերկրագիտական թանգարանում Կոմիտաս էլ լսեցի:

Թանանյանն այսօր էլ փորձում է այցելուներ բերել:
- Գիտե՞ք քանի անգամ եմ զանգել դպրոցի տնօրեններին, խնդրել, որ Երևան գնալու փոխարեն առաջ ձեր մարզը ուսումնասիրեք: Մանկավարժության մեջ մի օրենք կա, ասում են առաջ սկսիր մոտիկից հետո գնա դեպի հեռուն, հեշտից՝ դժվարը: Երեխային առաջ պետք է իր շրջապատի՝ տան, դպրոցի, հետո իր բնակավայրի, հետո կամաց-կամաց իր հայրենիքի միջավայրին ծանոթացնես: Հայրենիքը ուսումնասիրելուց հետո աշխարհին ծանոթացնես: Ես էս ամսաթվերի տարբերությունը տեսնելով՝ հոգեպես գժվում ու վատ եմ զգում:
Էս կենդանիները տեսնո՞ւմ ես, բոլորը ես եմ չորացրել՝ բնության բաժինն ա: Էս էլ հնագիտության, ազգագրության բաժիններն են:
- Իսկ թանգարանի  դուռը, ինչի՞ է բաց: 
- Որ տեսնեն մեր թանգարանը միշտ էլ բաց ա: Տեսնեն բաց ա ու մտնեն:  
Թանգարանը բաց է երկուշաբթիից - ուրբաթ, ժամը` 10:00-17:00: 


Լիդա Ասիլյան
Իջևան Ինֆոտուն



Комментариев нет:

Отправить комментарий