среда, 17 января 2018 г.

Իջևանի Մշակույթի տունը 2018 թվականին կվերանորոգվի և կհամալրվի

Իջևանի Մշակույթի տունը 2018 թվականին կվերանորոգվի և կհամալրվի

Իջևանի Մշակույթի տունը կառուցվել է 1950-ական թվականներին և 1-ին անգամ վերանորոգվել է 1966թ-ին: Հիմնանորոգվել ու վերակառուցվել է 1972 թվականին: Տանիքը մասնակիորեն վերանորոգվել է 2002 թվականին: Չնայած աշխատանքներին շենքը դեռևս կարիք ունի հիմնանորոգման և գույքային ու տեխնիկական հագեցման:

Իջևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և տնտեսական զարգացման բաժնի վարիչ Արթուր Այդինյանից իմացանք որ 2018թ.-ին  նախատեսվում է մշակույթի տան հիմնանորոգում և այժմ գործընթացը գտնվում է քաղաքաշինական փաստաթղթերի կազմման փուլում: Հովանավոր ընկերությունն է Ծրագրերի իրականացման գործակալությունը (ԾԻԳ):
Մշակույթի տան վերանորոգումը նախատեսված է Իջևան քաղաքի 2017-2021թթ-ի զարգացման ծրագրով: 

(Ijevancity.am. Զարգացման պլանի երկարաժամկետ խնդիրներն են՝ ձևավորել, կահավորել աշխատակիցների աշխատասենյակները, բարձրացնել մշակույթի տան 5 աշխատակիցների մասնագիտական որակավորումը, ավելացնել ուսուցողական խմբակների թիվը՝ համակարգչային, կար ու ձևի,ասմունքի, հիմնանորոգել և կահավորել բեմը, դահլիճը, նստարանները, տիկնիկային թատրոնի տարածքը, պարասրահը, հանդերձարանը, ձեռք բերել երաժշտական սարքավորումներ՝ 1 ուժեղացուցիչ, 4 բարձրախոս, 6 ձայնասփյուռ,  10 լուսարձակ ինչպես նաև ավելացնել գույքային բազան՝ 355 աթոռ, 5 սեղան, 4 պահարան, 1 համակարգիչ):


Այժմ մշակույթի տանը գործում է «Հեքիաթ» տիկնիկային թատրոնը: Այն Իջևանում և հարակից համայնքներում հանդես է գալիս ներկայացումներով: Նշենք  նաև որ 1970-ական թվականներին նույնպես թատերական խումբ է գործել: Չնայած որ խումբն ինքնագործ էր, այն միութենական փառատոնում «Ժայռը» ներկայացման համար շահեց  ոսկե մեդալ: Թատրոնը կրում էր ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, մանկավարժ, ԽՍՀՄ  պետական մրցանակների դափնեկիր, ՀԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Գուլակյանի անունը: Նա առաջիններից էր հայ թատրոնում, ով  նորովի բացահայտեց ազգային բնավորություններն ու կենցաղը:  Այս  արտահայտչամիջոցներն օգտագործել է «Պեպո» կինոնկարում, որի համառեժիսորն  ու Դուդուլիի դերակատարը նույն ինքը Արմեն Գուլակյանն է:


Մշակույթի տան վերանորոգումը հնարավորություն կտա բարելավել բնակչությանը մատուցվող մշակութային ծառայությունների որակը և կնպաստի Իջևանում մշակութային կյանքի առավել զարգացմանն ու ակտիվացմանը:

Լիդա Ասիլյան
Իջևան ԻնֆոՏուն




Комментариев нет:

Отправить комментарий