воскресенье, 6 января 2019 г.

«Տեղեկատվական աղբ», կամ «Ինչպե՞ս Չլինել մեդիագրագետ»



Ներկա ժամանակներում, երբ ինտերնետային մեդիան իր ուրույն և կարևոր տեղն է գրավել  բոլորիս կյանքում, գրեթե ամեն օր մենք դառնում կեղծ ինֆորմացիաներ տարածող մի շարք լրատվական կայքերի ուղղակի և անուղղակի զոհերը:
Այսօր՝ 06.01.2019թ. մի շարք լրատվական կայքերի միջոցով տարածվում էր տեղեկատվություն, ոմն  Ջեյմս Մարկոսյանի մասին, ով իբր Հայաստան է ժամանել Ամանորն Արցախում անցկացնելու համար: Ըստ լրատվական կայքերում տարածված տեղեկատվության վերջինս Արցախում դաժան ծեծի է ենթարկվել:
Առաջին հայացքից «անմեղ» թվացող հոդված, որը կգրավի մեծ թվով կարդացողների ուշադրությունը, և ինչպես ակնկալվում էր ի սկզբանե, մեծ թվով այցելություններ կապահովի նյութը տարածող կայքերին:

Կարելի է ասել, որ նյութը կարդացող աուդիտորիայի մեղավորությունը շատ քիչ է, նույնիսկ չնչին է ի հակադրումն այն բաժին մեղավորության, որն իրենց ուսերին կրեցին նյութի հեղինակ կայքերը:  Հաշվի առնելով նման կայքերի գերնպատակները, այն է՝ ապահովել դիտումների քանակ  նույնիսկ ապատեղեկատվություն տարածելով, կարող ենք նշել, որ նրանց նպատակները իրագործվում են: Կարդացողների մեդիագրագիտության պակասը համարել գլխավոր պատճառ՝ սխալ է, քանի որ, վերջիվերջո նյութը անալիզի ենթարկելու համար հարկավոր է այն բացել և կարդալ, իսկ այս դեպքում արդեն՝ անկախ մեզնից ապահովում ենք վերոնշյալ կայքերի գոյության համար այդքան կարևոր դիտումների քանակը:

Նյութը տարածող կայքերից մեկը՝ AYLLUR.AM նյութի հրապարակումից ժամեր անց թարմացրել է իր տարածած տեղեկատվությունը՝ հղում անելով Արցախի ՄԻՊ-ին, և նշել, որ տեղեկատվությունը կեղծ էր:
Գալիս ենք այն եզրակացության, որ վերոնշյալ կայքը առանց փաստերի ստուգման տեղադրել է մի նյութ, որի իսկության վրա նույնիսկ ինքը վստահ չէ: 
Կայքում նյութը տեղադրված է առանց ամսաթվերի և առանց սկզբնաղբյուրի:  Սկզբնաղբյուրի բացակայության դեպքում հոդվածի հեղինակ դիտարկվում է տվյալ կայքը և կոնկրետ հոդվածագիր լրագրողը (վերջինիս անունը նույնպես բացակայում է):

Սակայն AYLLUR.AM-ը միակը չէր: Միաժամանակ նյութը տարածվում էր նաև մեկ այլ տխրահռչակ կայքի միջոցով, որը վերջին ժամանակներում աչքի է ընկել ոչ այնքան մեդիագրագետ լինելու տեսանկյունից: Հոդվածն առաջինը տարածել է HRAPARAK.AM կայքը, հետևյալ վերնագրով՝ «Արցախում դաժան ծեծի են ենթարկել գեյ-քուեր Ջեյմս Մարկոսյանին»:  (http://hraparak.am/post/1451664720): 
Նյութի հղումը բացելու դեպքում մեր առջև բացվում է գրեթե նույն տեսարանը, ինչ որ AYLLUR.AM-ի դեպքում, մի քանի բառերի տեղափոխությամբ: Բայց մաթեմատիկայից հայտնի օրենքի համաձայն՝ «գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»:
    Իրականում տարածվող նյութի հերոսի՝ Ջեյմս Մարկոսյանի իրական անուն ազգանունը Այզըք (Իսահակ) Քիթինջ է, որը ծեծի է ենթարկվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, ուշադրություն՝ 2016 թվականի ապրիլի 10-ին: 2016 թվականի մայիսի 18-ին  news.com.au կայքի կողմից տարածված  ''Man abused for wearing a dress, he responds with ultimate transformation'' վերանգիրը կրող հոդվածը մանրամասն պատմում է կատարվածի իսկությունը:
Ցավալի է, բայց պետք է նշենք, որ բոլորիս շատ հայտնի «Հայկական Ժամանակ»-ը նույնպես զերծ չմնաց ապատեղեկատվություն տարածելուց: Վերջինս տարածել է այս կեղծ տեղեկատվությունը իր կայքի՝ http://armtimes.com/hy/article/151753 և ֆեյբուքյան Armtimes.com և Հայկական Ժամանակ օրաթերթ էջերի միջոցով: Նյութի կեղծ հայտարարվելուց կարճ ժամանակ անց վերջինս հեռացվել է կայքից:
Մինչ բոլորս բողոքում ենք ոչ մեդիագրագետ հասարակությունում ապրելուց, պետք է նկատենք, որ մեդիայի ազատությունը երկրում անհերքելի վատ հետքեր է թողնում՝ հնարավորություն տալով մի շարք լրատվությունից մեծ հեռավորության վրա գտնվող կայքերին իրենց գոյությունը ապահովել սուտ ինֆորմացիաներ հեղինակելով և տարածելով:
Մեդիագրագետ հասարակություն զարգացնելու համար առաջին հերթին պետք է հայկական մեդիան ազատել սխալ ինֆորմացիա տարածող կայքերից, իսկ դրա միջոցներից մեկը հենց, նման կայքերի կողքով անցնելն է:


Հակոբ Գասպարյան,
Իջևան Ինֆոտուն

           
           

Комментариев нет:

Отправить комментарий