Ներկա ժամանակներում, երբ ինտերնետային մեդիան իր ուրույն
և կարևոր տեղն է գրավել բոլորիս կյանքում,
գրեթե ամեն օր մենք դառնում կեղծ ինֆորմացիաներ տարածող մի շարք լրատվական կայքերի
ուղղակի և անուղղակի զոհերը:
Այսօր՝ 06.01.2019թ. մի շարք լրատվական կայքերի միջոցով տարածվում
էր տեղեկատվություն, ոմն Ջեյմս Մարկոսյանի
մասին, ով իբր Հայաստան է ժամանել Ամանորն Արցախում անցկացնելու համար: Ըստ լրատվական
կայքերում տարածված տեղեկատվության վերջինս Արցախում դաժան ծեծի է ենթարկվել:
Առաջին հայացքից «անմեղ» թվացող հոդված, որը կգրավի մեծ թվով
կարդացողների ուշադրությունը, և ինչպես ակնկալվում էր ի սկզբանե, մեծ թվով այցելություններ
կապահովի նյութը տարածող կայքերին:
Կարելի է ասել, որ նյութը կարդացող աուդիտորիայի մեղավորությունը
շատ քիչ է, նույնիսկ չնչին է ի հակադրումն այն բաժին մեղավորության, որն իրենց ուսերին
կրեցին նյութի հեղինակ կայքերը: Հաշվի առնելով
նման կայքերի գերնպատակները, այն է՝ ապահովել դիտումների քանակ նույնիսկ ապատեղեկատվություն տարածելով, կարող ենք
նշել, որ նրանց նպատակները իրագործվում են: Կարդացողների մեդիագրագիտության պակասը
համարել գլխավոր պատճառ՝ սխալ է, քանի որ, վերջիվերջո նյութը անալիզի ենթարկելու համար
հարկավոր է այն բացել և կարդալ, իսկ այս դեպքում արդեն՝ անկախ մեզնից ապահովում ենք
վերոնշյալ կայքերի գոյության համար այդքան կարևոր դիտումների քանակը: