2018թ.-ի երիտասարդական մայրաքաղաքում ի՞նչ
հարթություն կտեղափոխվի երիտասարդների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը
2013 թվականից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
կողմից իրականացվում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք»
ծրագիրը: 2018թ.-ին այդ կոչման արժանացել է Իջևանը: Շատերը գիտեն այս մասին, սակայն
գուցե ոչ բոլորն են լիարժեք տիրապետում ինֆորմացիային: Ենթադրվում է նաև, որ պետք է
նոր հարթություն տեղափոխվի երիտասարդների մասնակցությունը համայնքի կառավարմանն ու համայնքի հետ կապված որոշումների կայացմանը: Այս ամենի մասին մենք այսօր զրուցում ենք Իջևանի
փոխքաղաքապետ պարոն Արթուր Ճաղարյանի հետ:
- Պարոն Ճաղարյան ինչո՞ւ հենց Իջևանը: Որո՞նք
էին Իջևանի առավելությունները առաջադրված մյուս քաղաքների նկատմամբ:
- Հաղթող համայնքն ընտրվել է մրցույթի փորձագետների գնահատման,
գաղտնի քվեարկության և sms հաղորդագրությունների արդյունքների հիման վրա: Մրցույթի
փորձագետներն այցելել են Իջևանի տարբեր հասարակական կազմակերպություններ`Իջևան ԻնֆոՏուն,
Հույսի կամուրջ, SOS մանկական գյուղ, Տավուշի երիտասարդական
կենտրոն, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և տարբեր հյուրանոցներ: Իհարկե մեծ դեր են ունեցել
այս կազամակերպություններն ու դրանցում երիտասարդների
ակտիվությունն ու գործունեությունը: 2017 թվականի սեպտեմբերի 4-ին մեզ փոխանցել են երիտասարդական մայրաքաղաքի փոխանցիկ
բանալին: Նախորդ տարիների հաղթող քաղաքներն են եղել Սիսիանը, Ստեփանավանը, Գյումրին ու Չարենցավանը։
- Ի՞նչ կտա երիտասարդական մայրաքաղաք
ճանաչվելը Իջևանին: Ի՞նչ նոր հնարավորություններ կբացվեն:
- Հիմնական առավելություններից մեկն այն է, որ մի շարք հանրապետական մասշտաբով սպորտային մրցույթներ, մշակութային և երիտասարդական միջոցառումներ
իրականացվելու են հենց Իջևանում, ինչն արդեն մեծ ձեռքբերում է մեր քաղաքի համար:
- Որտեղի՞ց հնարավոր կլինի նախապես տեղեկանալ
այդ միջոցառումների մասին:
- Բոլոր միջոցառումների ու կայանալիք իրադարձությունների մասին
նախօրոք կգրվեն համայնքապետարանի կայքում (ijevancity.am):
- Ձեր կարծիով ի՞նչ խնդիրներ
ունի այսօր Իջևանում ապրող երիտասարդը:
- Իմ կարծիքով զբաղվածության տեղերի բացակայությունն ամենաարդիական
խնդիրներից մեկն է:
- Որքանո՞վ են այսօր իջևանցի երիտասարդները
ընդգրկված համայնքի կառավարմանը:
- Համայնքի երիտասարդների հետ համագործակցություններ շատ են լինում: Նրանք մեզ
են ներկայացնում իրենց ծրագրերը, մենք տալիս ենք մեր թույլտվությունն ու հովանավորում:
Այս առումով բավականին մեծ է կամավորական աշխատանքների դերը: Շատրվանների տարածքում
ուսանողները նստարաններ, ծաղկամաններ, դեկորատիվ իրեր են տեղադրել, ներկել նստարանները:
Իջևանի համար պարտավորեցնող է ստանալ նման կոչում և հուսով ենք,
որ մենք կկարողանանք պատվով պահել այն:
Երիտասարդական մայրաքաղաքի բնակիչ լինելով` մենք պետք է ցուցաբերենք
մեծ ակտիվություն, մաքուր պահենք մեր քաղաքը և անենք ամեն ինչ, որ արդարեցնենք ստացած
կոչումը:
Լիդա Ասիլյան,
Իջևան Ինֆոտուն
Комментариев нет:
Отправить комментарий