Հրապարակվել է «Կրթապիտակները (Open Badges)՝ որպես թվային երիտասարդական աշխատանքի և ցկյանս ուսումնառության գործիք» էլեկտրոնային ուղեցույցը
«Կրթապիտակների» (Open Badges) գաղափարն ուսումնասիրելու եւ 2016թ. սկսած մի քանի երիտասարդական ծրագրերում այն փորձարկելու արդյունքում «ԿԱԶԱ» հիմնադրամի համար պարզ դարձավ, որ գտել է անհատի կրթական փորձառությունն ու ձեռքբերումներն արդյունավետ կերպով ամրագրող եւ դրանց չափելիությանը նպաստող մի գործիք։ Իսկ 2018թ. մեկնարկեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ReImagining Recognition» («Վերաիմաստավորելով ճանաչումը») ծրագիրը, որը մշակվել էր՝ ելնելով համագործակից երկրների (Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Իռլանդիա, Լիտվա) կրթության եւ երիտասարդական աշխատանքի ոլորտներում գործող կառույցների ունեցած փորձից. նշված երկրներում կրթապիտակների կիրառության առաջին առանձին փորձերի հանրապատկերում նշմարվում էր ոչ ֆորմալ կրթության ուսուցողական արդյունքների չափման եւ գնահատման մեխանիզմների ներդրման կարիք։ Ուստի ծրագրի շրջանակներում այս երկրների համագործակից կառույցները, իրականացնելով տեղական հետազոտություններ, փորձելու էին հասկանալ կրթապիտակների գործածելիությունն առհասարակ, ինչից հետո աշխատարանների միջոցով ստեղծելու էին իրենց նախատիպերը եւ ֆոկուս խմբային քննարկումների օգնությամբ նպաստելու վերջիններիս առավել լայն կիրառմանը։