2018թ.-ի երիտասարդական մայրաքաղաքում ի՞նչ
հարթություն կտեղափոխվի երիտասարդների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը
2013 թվականից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
կողմից իրականացվում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք»
ծրագիրը: 2018թ.-ին այդ կոչման արժանացել է Իջևանը: Շատերը գիտեն այս մասին, սակայն
գուցե ոչ բոլորն են լիարժեք տիրապետում ինֆորմացիային: Ենթադրվում է նաև, որ պետք է
նոր հարթություն տեղափոխվի երիտասարդների մասնակցությունը համայնքի կառավարմանն ու համայնքի հետ կապված որոշումների կայացմանը: Այս ամենի մասին մենք այսօր զրուցում ենք Իջևանի
փոխքաղաքապետ պարոն Արթուր Ճաղարյանի հետ:
- Պարոն Ճաղարյան ինչո՞ւ հենց Իջևանը: Որո՞նք
էին Իջևանի առավելությունները առաջադրված մյուս քաղաքների նկատմամբ:
- Հաղթող համայնքն ընտրվել է մրցույթի փորձագետների գնահատման,
գաղտնի քվեարկության և sms հաղորդագրությունների արդյունքների հիման վրա: Մրցույթի
փորձագետներն այցելել են Իջևանի տարբեր հասարակական կազմակերպություններ`Իջևան ԻնֆոՏուն,
Հույսի կամուրջ, SOS մանկական գյուղ, Տավուշի երիտասարդական
կենտրոն, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և տարբեր հյուրանոցներ: Իհարկե մեծ դեր են ունեցել
այս կազամակերպություններն ու դրանցում երիտասարդների
ակտիվությունն ու գործունեությունը: 2017 թվականի սեպտեմբերի 4-ին մեզ փոխանցել են երիտասարդական մայրաքաղաքի փոխանցիկ
բանալին: Նախորդ տարիների հաղթող քաղաքներն են եղել Սիսիանը, Ստեփանավանը, Գյումրին ու Չարենցավանը։