Ինչպե՞ս գրել որակյալ տեքստեր
Տեքստեր ստեղծելը մեծագույն արժեք է: Սակայն մեր օրերում համացանցի եւ այլ հարթակների առավել հասանելի դառնալու շնորհիվ, այն երբեմն այնպես չի արժեւորվում ինչպես հարկն է: Երբեմն մարդիկ դադարում են նաեւ գրել վախենալով, որ այն ոչ ոք չի կարդա իրենցից բացի կամ իրենց գրածը կամ իրենց անձը կենթարկվեն անառողջ քննադատության:
Առավել եւս եթե մարդը տեքստ է գրում աշխարհը «շուռ» տալու համար, ապա այս դեպքում անհրաժեշտ է առնվազն ունենալ տեքստին արտահայտչականություն հաղորդելու, «գամելու» կամ հենց թիրախին խփելու կարողություններ եւ իհարկե ունենալ կամ զարգացնել ստեղծագործ ու վերլուծող միտք:
Հենց այս ամենի մասին էլ վերջին երկու օրերին խոսում էինք «Ինչպե՞ս գրել որակյալ տեքստեր» խորագրով մեր երկօրյա դասընթացի ժամանակ, որին մասնակցում էին երիտասարդներ Իջևան, Գետահովիտ, Վազաշեն, Դիլիջան եւ Բերդ համայնքներից: Երիտասարդներ, ովքեր սիրում են գրել ամենատարբեր թեմաներով եւ ամենատարբեր ժանրերով ու ունեն համարձակություն իրենց իսկ ստեղծած տեքստը դնել քննարկման, նստել ու լսել մյուսների քննադատություններն ու վերլուծությունները եւ օգուտ քաղել այդ ամենից ու հետագայում առավել որակյալ տեքստեր ստեղծել:
Դասընթացն ավարտվեց, սակայն մասնակիցները հնարավորություն ունեն ինչպես զարգացնելու իրենց այն տեքստերը, որոնք վերլուծվել ու քննարկվել են դասընթացի ընթացքում, այնպես էլ սահմանված ժամկետրներում գրել նոր տեքստեր, որոնք կվերջնականացվեն փորձագետի օգնությամբ եւ նաև հնարավորություն կունենան հրապարակվելու Իջևան ինֆոտան բլոգում եւ այլ մեդիա հարթակներում: